ՄԱՐԱԹՈՆՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Երկկողմ բանակցությունները մտան փակուղի: Այդպես էլ պետք է լիներ: Հույների դիվանագիտական բոլոր ջանքերը` հասնելու փոխըմբռնման և խուսափելու պատերազմից, թափվեցին ջուրը: Պարսիկները տենչում էին զավթել Հունաստանը, որը լինելու էր նրանց եվրոպակուլ պլանների առաջին փուլը: Պարսկական 25-հազարանոց զորքով բեռնված 600 ռազմանավ 480 թվականի օգոստոսին ակոսեց Էգեյան ծովի ջրերը: Դարեհ արքայի «սրընթաց արշավանքը» (բլիցկրիգ) երկու խնդիր ուներ լուծելու: Առաջին` պատժել Աթենքին և Էրետրիային Հոնիական ապստամբությանը մասնակցելու համար, հոգեբանական ճնշում գործադրել հելլենների վրա` հետայսու արքայից արքային հլու-հնազանդ լինելու և իրենց «խելոք պահելու» նպատակով: Երկրորդ` բարենպաստ պայմաններ ստեղծել Հունաստանը բռնագրավելու (անեքսիա) համար: Խնդիր չէր դրված Հելլադան վերջնականապես ոչնչացնել Եվրոպա ոստնելու համար: Ոչ: Դեռ ոչ: Դա գլոբալ ռազմավարական պլանի երկրորդ՝ գլխավոր մասն էր, որին արքայանիստ Սուսան դեռ վերադառնալու էր` հանգամանորեն պատրաստվելուց հետո: Իսկ այժմ պարսիկներն ընդամենը դուրս են եկել «թեթև զբոսանքի» իրենց ադրենալինը բարձրացնելու և հույներին ռազմական արվեստի «master class» ցուցադրելու համար: Զորքերի հրամատարներն են մեդիացի «աղվես» Դատիսը և Սարդեսի սատրապը` արքայի զարմիկ Արտափրենեսը, որի դաժանության և խորամանկության մասին նշել ենք վերը: Մի շարք կղզիներ գրավելուն, քաղաքներ և նրանց սրբավայրերը այրելուն, մարդկանց գերեվարելուն զուգընթաց` պարսկական քարոզչամեքենան այս անգամ էլ չմոռացավ խաղարկել տեղացիների սիրտը շահելու սցենարը: Դելոս կղզում, որը համարվում էր Ապոլլոն և Արտեմիս աստվածների ծննդավայրը, Դատիսը զոհաբերություն արեց նրանց պատվին և ուղերձ հղեց թաքնված մարդկանց. «Սրբազան մարդիկ. ինչու՞ հեռու փախաք՝ կասկածելով, թե ձեր հանդեպ ես չար մտադրություն ունեմ: Բայց ես այնքան խելամիտ եմ, որ չեմ ավերի երկու աստվածների ծննդավայրը: Արքան ևս ինձ հրամայել է նման բան չանել: Ուստի այժմ վերադարձեք ձեր տները և ապրեք ձեր կղզում»: Եվ, իրոք, նա չվնասեց տեղի բնակիչներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գեբելսյան քարոզիչները նմանատիպ ուղերձներ էին հղում օկուպացված երկրների բնակիչներին, երբ նրանց տներն արդեն ավերված, և երիտասարդները քշված էին լինում Գերմանիա` ստրկական աշխատանքի: Կղզիների մեծ մասը զավթելուց հետո պարսկական զորքերը ափ դուրս եկան Մարաթոնյան հովտում. Աթենքի` անտիկ աշխարհի օրրան այդ չքնաղ քաղաքի վրա կախվեց մահացու վտանգ: Այն պաշտպանելու համար ոտքի ելավ ողջ ժողովուրդը: Բայց բոլոր դեպքերում ուժերն անհավասար էին. մեկ հույն հոպլիտ զինվորի դիմաց՝ երեք պարսիկ: Աթենացիները դիմեցին սպարտացիների օգնությանը: Նշանավոր վազորդ Փիդիպիդեսն ուղարկվեց Սպարտա: Կտրելով գրեթե 140 մղոն՝ նա երկրորդ օրն իսկ տեղ հասավ և փոխանցեց խնդրանքը. «Ով լակեդեմոնացիներ, աթենացիները խնդրում են ձեզ օգնել իրենց և թույլ չտալ, որ Հելլադայի հնագույն քաղաքն ստրկացվի բարբարոսների կողմից»: Իսկ սպարտացիներն այդ ժամանակ քեֆ-ուրախության մեջ էին. նշում էին Ապոլլոնի տոներից մեկը` Կոռնիոսը: Նրանք չմերժեցին: Խոստացան օգնել, բայց վեց օր հետո միայն, երբ տոնն ավարտվի, հակառակ դեպքում Ապոլլոնը չի ների իրենց: Սպարտացիներն իրոք զորք ուղարկեցին Մարաթոն, բայց երբ ամեն ինչ արդեն ավարտված էր: Եվ այսպես՝ աթենացիները մնացին մեն-մենակ բազմահազարանոց հորդայի դեմ հանդիման… Հունական հոպլիտները և պարսկական ռազմանավերը գրեթե միաժամանակ հասան Աթենք: Սակայն կատարվեց անհասկանալի մի բան. ռազմանավերը նավահանգիստ չմտան և մի քանի ժամ առափնյա ջրերում հանգրվանելուց հետո քաշեցին խարիսխներն ու հեռացան դեպի Արևելք: Մինչև օրս գիտնականները գլուխ են կոտրում Մարաթոնյան ճակատամարտի երկու կետի շուրջ: Նախ` ինչո՞ւ պարսկական հեծելազորը չմասնակցեց ճակատամարտին: Հետո` ինչու՞ պարսկական նավատորմը հեռացավ Աթենքի մատույցներից: Սակայն մի հարցի շուրջ նրանք համակարծիք են: Մարաթոնն ունեցավ բախտորոշ նշանակություն Հունաստանի պատմության հետագա ընթացքի համար: Նման շրջադարձային կետեր կան բոլոր ժողովուրդների կյանքում: Մենք` հայերս, ունենք Ավարայրի և Սարդարապատի ճակատամարտերը: Ռուսները` Ալեքսանդր Նևսկու ճակատամարտը շվեդների դեմ: Խորհրդային ժողովուրդների կյանքում եղել է Ստալինգրադի ճակատամարտը և այլն: Հելլեններն աշխարհին և իրենք իրենց ապացուցեցին, որ կարող են դիմակայել ահարկու թշնամուն և հաղթել: Սա կարևոր հոգեբանական նշանակություն ունեցավ ողջ ազգի համար: Հույները, որոնք մինչ այդ բաց ճակատամարտում պարսիկներին չէին հաղթել, ապացուցեցին, որ իրենց ռազմական արվեստն ամենաբարձր մակարդակի վրա է, և որ անտիկ աշխարհում հույն զինվորն իրեն հավասարը չունի: Փայլուն հրամանատարական կազմ, երկաթյա կարգապահություն, զենքի և ձեռնամարտի տեխնիկայի վարպետ տիրապետում: Այս բաղադրիչներից էր կազմված հելլենների հաղթանակը: Մարաթոնը նաև փաստեց, որ հունական հետախուզությունն ամենևին էլ հետ չի մնում պարսկականից և սերտորեն համագործակցում է բանակի հետ: Եվ ամենակարևորը. չնայած պոլիսների անջատողական միտումներին, դավաճանության և մատնության դեպքերին՝ հելլեններն ազդարարեցին աշխարհին, որ ազատատենչ և դեմոկրատայի ոգով տոգորված մարդիկ են` պատրաստ մեռնելու կանգնած, քան ապրելու ծնրադիր: | |
| ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
| 3222 reads | 14.04.2014
| |

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երկկողմ բանակցությունները մտան փակուղի: Այդպես էլ պետք է լիներ: Հույների դիվանագիտական բոլոր ջանքերը` հասնելու փոխըմբռնման և խուսափելու պատերազմից, թափվեցին ջուրը: Պարսիկները տենչում էին զավթել Հունաստանը, որը լինելու էր նրանց եվրոպակուլ պլանների առաջին փուլը:
Կղզիների մեծ մասը զավթելուց հետո պարսկական զորքերը ափ դուրս եկան Մարաթոնյան հովտում. Աթենքի` անտիկ աշխարհի օրրան այդ չքնաղ քաղաքի վրա կախվեց մահացու վտանգ: Այն պաշտպանելու համար ոտքի ելավ ողջ ժողովուրդը: Բայց բոլոր դեպքերում ուժերն անհավասար էին. մեկ հույն հոպլիտ զինվորի դիմաց՝ երեք պարսիկ: Աթենացիները դիմեցին սպարտացիների օգնությանը: Նշանավոր վազորդ Փիդիպիդեսն ուղարկվեց Սպարտա: Կտրելով գրեթե 140 մղոն՝ նա երկրորդ օրն իսկ տեղ հասավ և փոխանցեց խնդրանքը. «Ով լակեդեմոնացիներ, աթենացիները խնդրում են ձեզ օգնել իրենց և թույլ չտալ, որ Հելլադայի հնագույն քաղաքն ստրկացվի բարբարոսների կողմից»: Իսկ սպարտացիներն այդ ժամանակ քեֆ-ուրախության մեջ էին. նշում էին Ապոլլոնի տոներից մեկը` Կոռնիոսը: Նրանք չմերժեցին: Խոստացան օգնել, բայց վեց օր հետո միայն, երբ տոնն ավարտվի, հակառակ դեպքում Ապոլլոնը չի ների իրենց: Սպարտացիներն իրոք զորք ուղարկեցին Մարաթոն, բայց երբ ամեն ինչ արդեն ավարտված էր: Եվ այսպես՝ աթենացիները մնացին մեն-մենակ բազմահազարանոց հորդայի դեմ հանդիման… 

